Մեր Մասին

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն

 

«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց:

Սիրով եւ սրտացավությամբ նպաստել անձի համակողմանի զարգացմանը եւ համայնքների հզորացմանը՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը. սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:

«Հայկական Կարիտաս»-ն ունի 4 հիմնական ուղղություն.

  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԻԳՐԱՑԻԱ ԵՒ ԻՆՏԵԳՐՈՒՄ
  • ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  • ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 Կազմակերպությունը կողմնակից է նաև ներառական կրթության և համայնքահեն սոցիալական ծառայության այլընտրանքային մոդելի ինտեգրմանը:

«Հայկական Կարիտաս»-ը, ի թիվս առաջնային ծրագրերի, ունի նաև տարեցների տնային խնամքի սոցիալական մոդել և համայնքային զարգացման նախաձեռնություններում մասնակցային մոտեցում:

«Հայկական Կարիտաս»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Գյումրիում, ունի 230 աշխատակից ու ավելի քան 80 կամավոր: «Հայկական Կարիտաս»-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները Հայաստանում, գործում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Այս պահին ծրագրեր է իրականացնում նաև Կոտայքի, Արմավիրի և Տավուշի մարզերում:

Այսօր «Հայկական Կարիտաս»-ը հպարտանում է ամուր ինստիտուցիոնալ բազայով, հստակ սահմանված առաքելությամբ և տեսլականով, տեղական ու միջազգային բազմաթիվ գործընկերներով: Այն զարգացնում է իր հզոր ներուժը, որպեսզի աճող կարողություններով ծառայի շահառուներին:

«Հայկական Կարիտաս»-ը Կարիտասի Ինտերնացիոնալիզի և Կարիտաս Եվրոպայի անդամ է` ավելի քան 160 անդամից կազմված Կարիտասի միջազգային ցանց, որն արտակարգ իրավիճակներում աջակցություն ու օգնություն է տրամադրում աշխարհի բոլոր երկրներին:

Հայկական Կարիտասի պատմությունը

1995թ. մայիսին Հայ Կաթողիկե Եկեղեցին Հ. Ներսես Արքպ. Տեր  Ներսեսյանի` Գյումրիում հաստատված Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկեների առաջնորդի նախաձեռնությամբ հիմնեց «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակը Շիրակի մարզում` Գյումրիում:

1996 թ.-ին վեց անդամներից ու նախագահից կազմված վարչական խորհուրդ ստեղծվեց, որի խնդիրն էր վերահսկել կազմակերպության ռազմավարության մշակումն ու իրագործումը:

Կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից որպես տեղական հասարակական կազմակերպություն պաշտոնապես գրանցվեց 1997 թ.-ին և 1999 թ.-ից  անդամակցում է Միջազգային Կարիտասին: Այն անդամ է նաև Եվրոպական Կարիտասին ու ICMC կազմակերպությանը (Միջազգային կաթողիկե միգրացիոն հանձնախումբ):

2011թ.-ից մինչ օրս «Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր նախագահն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

«Հայկական Կարիտաս»-ի ձեռնարկած առաջին քայլերը միմիայն հումանիտար օգնության բնույթ ունեին. առաջին ծրագրերը, որոնցում կազմակերպությունը ներգրավվեց, օժանդակության ծրագրեր էին: 1998 թ. հունվարին «Հայկական Կարիտաս»-ի վարչական խորհուրդը որոշեց  իրականացնել համայնքային հենք ունեցող զարգացման ծրագրեր: «Հայկական Կարիտաս»-ի ծրագրային բազան բազմակողմանի դարձնելու համար կազմակերպությունն ուներ ինստիտուցիոնալ կարողությունների մեծացման ու հզորացման կարիք: ԿՕԾ Հայաստանի գրասենյակը և Նիդեռլանդների Քորդեիդ կազմակերպությունը այդ հարցում օժանդակեցին Կարիտասին:

Ինստիտուցիոնալ կառուցվածք

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի 2017-2021թթ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի 2017-2021թթ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ