Հայկական Կարիտասի պատմությունը

1995թ. մայիսին Հայ Կաթողիկե Եկեղեցին Հ. Ներսես Արքպ. Տեր  Ներսեսյանի` Գյումրիում հաստատված Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկեների առաջնորդի նախաձեռնությամբ հիմնեց «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակը Շիրակի մարզում` Գյումրիում:

1996 թ.-ին վեց անդամներից ու նախագահից կազմված վարչական խորհուրդ ստեղծվեց, որի խնդիրն էր վերահսկել կազմակերպության ռազմավարության մշակումն ու իրագործումը:

Կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից որպես տեղական հասարակական կազմակերպություն պաշտոնապես գրանցվեց 1997 թ.-ին և 1999 թ.-ից  անդամակցում է Միջազգային Կարիտասին: Այն անդամ է նաև Եվրոպական Կարիտասին ու ICMC կազմակերպությանը (Միջազգային կաթողիկե միգրացիոն հանձնախումբ):

2011թ.-ից մինչ օրս «Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր նախագահն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

«Հայկական Կարիտաս»-ի ձեռնարկած առաջին քայլերը միմիայն հումանիտար օգնության բնույթ ունեին. առաջին ծրագրերը, որոնցում կազմակերպությունը ներգրավվեց, օժանդակության ծրագրեր էին: 1998 թ. հունվարին «Հայկական Կարիտաս»-ի վարչական խորհուրդը որոշեց  իրականացնել համայնքային հենք ունեցող զարգացման ծրագրեր: «Հայկական Կարիտաս»-ի ծրագրային բազան բազմակողմանի դարձնելու համար կազմակերպությունն ուներ ինստիտուցիոնալ կարողությունների մեծացման ու հզորացման կարիք: ԿՕԾ Հայաստանի գրասենյակը և Նիդեռլանդների Քորդեիդ կազմակերպությունը այդ հարցում օժանդակեցին Կարիտասին:

Երկամյա (1998-1999թթ.)՝ «ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը Կարիտասին օգնեց նոր գրասենյակ հիմնելու, այն ստանձնեց նաև վարչական ու կառավարման բոլոր ծախսերը հոգալու պարտավորություն, օժանդակեց անձնակազմին, դասընթացների հնարավորություն ընձեռեց և օգնեց որդեգրելու համայնքային զարգացման ու ներգրավման սկզբունքը «Ջրամատակարարում և սանիտարիա», «Ծնող–դպրոց համագործակցություն» ծրագրերի միջոցով: Ըստ էության, այն Կարիտասին թույլ տվեց հզորանալ, առավել կարող ու պատրաստ լինել տեղի բնակչության կարիքներին արձագանքելիս և հետագա խնդիրները լուծելիս:

Ժամանակի ընթացքում «Հայկական Կարիտաս»-ը հումանիտար և զարգացման գործունեությունը նշանակալիորեն ընդլայնեց հանրապետության այլ շրջաններում ևս` Շիրակի մարզից բացի գործունեություն ծավալելով Լոռու, Արարատի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:

Այսօր «Հայկական Կարիտաս»-ն ամուր հիմքեր ունեցող կազմակերպություն է` հստակ սահմանված առաքելությամբ ու ռազմավարական ուղղություններով, սրանով հանդերձ՝ մեծ ներուժ ունի առաջիկայում զարգանալու և իր կարողությունների ներածին չափով շահառուներին ծառայելու: