Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը նախագահում է «Հայկական Կարիտաս»-ը 2011 թվականից:

Բարձրագույն կրթությունը Տեր Ռաֆայել արք. Մինասյանը ստացել է Զմմառի Պատրիարքական Միաբանության ընծայարանում: Այնուհետեւ 1966թ. ուսումը շարունակել է նախ Հռոմի քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանում եւ սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության վկայականներ, ապա Հռոմի Սալեզյան համալսարանում՝ մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ: 1973թ. – ի հունիսի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

Մինչեւ 1980 թ.-ը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978թ. նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկէ եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչեւ 1989թ.-ը:

1980 – 1984թթ. ծիսագիտություն է դասավանդել Բեյրութի Քասլիք Սուրբ Հոգի համալսարանում:

1983 – 1986թթ. եղել է Զալքայի (Լիբանան) Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ: Նրա շնորհիվ կառուցվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցին:

1986 – 1988թթ. եղել է պատրիարքական քարտուղար:

1988 – 1990 թթ. դարձյալ անվանվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ` միաժամանակ վարելով նորակառույց պատրիարքական վարժարանի տնօրենի պաշտոնը:

1990 – 2006թթ. անվանվել է ԱՄՆ – ի Կալիֆորնիա նահանգի ժողովրդապետ:

Նա գլխավոր հիմնադիր անդամներից մեկն է նաեւ «Armenian Alliance» բարեգործական հիմնադրամի, որի հովանավորությամբ իրականանում են բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական ծրագրեր Հայաստանում: Գլենդելում Հայր Ռաֆայել Մինասյանը ձեռնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկէ եկեղեցու կառուցմանը, որի օծումը տեղի է ունեցել 2001թ.՝ ի հիշատակ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700 ամյակի:

2005թ. սեպտեմբերին Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը Հայր Ռաֆայել վրդ. Մինասյանին անվանել է պատրիարքական Փոխանորդ Երուսաղեմի եւ Ամմանի Փոխանորդության:
2005թ. Իտալիայում հիմնել է «Տելէ Փաչէ Արմենիա» հեռուստակայանը:

2009թ. Երուսաղեմի Հայ Կաթողիկե համալիրում գտնվող Քրիստոսի Խաչի ճանապարհի 4 –րդ կայանի մեջ հաստատել է Սուրբ Հաղորդության մնայուն երկրպագությունը, որի շարունակականությունն ապահովում են <>Սուրբ Պողոսի Միաբանության քույրերը:

2011թ. հունիսի 24-ին Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Սրբազան քահանայապետի հատուկ պապական կոնդակով Հ. Ռաֆայել Մինասյանն արժանացել է եպիսկոպոսական կարգի, որպես նորանշանակ Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկյան Կեսարիո Հայոց եւ Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց:

Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 2011թ. հուլիսի 16 – ին Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցում ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի, ներկայությամբ Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի:

2011թ. օգոստոսի 7 –ին Շիրակի մարզի Արեւիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի Գահակալության արարողությունը:

2011 թ.-ից նախագահում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ:

2021 թվականի սեպտեմբերին  Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը: