Գլխավոր Շահառուներ Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն Գյումրիում Վաստակավոր կնոջ վաստակած բնակարանը


Վաստակավոր կնոջ վաստակած բնակարանը

Դավթյան Հոռոմսիման ծնվել է 1929թ.-ին երաժշտի ընտանիքում: Ծնվել եւ մեծացել է Ղուկասյան գյուղում, հենց այնտեղ էլ ստացել է միջնակարգ կրթությունը: Հայրը՝ Ստեփան Դավթյանը եղել է երաժիշտ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի:

story11

Երկար տարիներ գյուղում բնակվելուց հետո, ընտանիքը 1944թ.-ին տեղափոխվում է Գյումրի: Գյումրիում երիտասարդ Հոռոմսիման աշխատում է Տեքստիլ գործարանում: 5 ամիս աշխատում է որպես աշակերտ, իսկ հետո մինչ 1951թ.-ը աշխատում որպես ջուլհակ:

1951թ.-ին ամուսնանում է եւ տեղափոխվում Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղ: Սակայն, անհաջող ամուսնությունը տիկ․ Հոռոմսիմային 2 տարի անց 2 երեխաների հետ ստիպում է վերադառնալ նորից Գյումրի: Կարիքներից դրդված, երեխաներին տանում է մանկապարտեզ, իսկ ինքը՝ նորից անցնում աշխատանքի Գյումրու Տեքստիլ գործարանում, այս անգամ էլ աշխատում է մինչ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժը:

Երկար տարիների լավ աշխատանքի համար տիկ․ Հոռոմսիման պարգեւատրվում է, արժանանում վետերանի կոչմանը:

          -Աշխատել եմ պատվով, - հպարտությամբ պատմում է տիկ․ Հոռոմսիման:

Երկրաշարժից հետո սկսում է բնակվել տնակում միայնակ: Տղան եւ աղջիկը ամուսնացել էին, սակայն հերթական անհաջողությունը երկար սպասեցնել չի տալիս Դավթյանների ընտանիքին: Մահանում է Հոռոմսիմայի փեսան՝ աղջկա ամուսինը, դուստրը ամուսնացել էր Ռուսաստանի Դաշնությունում եւ ապրել այնտեղ արդեն 15 տարի:

          -Աղջիկս այլեւս ՀՀ քաղաքացի չէր հանդիսանում, ստիպված դիմեցի դատարան, որպեսզի կարողանամ վերականգնել աղջկաս քաղաքացիությունը, - պատմում է տիկ․ Հոռոմսիման:

Աղջիկը վերադառնում է Հայաստան եւ, չնայած դժվարությունների, նրանց հաջողվում վերականգնել աղջկա ՀՀ քաղաքացիությունը: Որպես անօթեւան նրանց հատկացնում են բնակարան Երեւանյան խճուղիում, սակայն, բնակբաշխման ժամանակ պարզվում է, որ բնակարանն արդեն վաճառված է, եւ այն արդեն մեկ ուրիշ սեփականատեր ունի:

          -Ամեն ինչ պատրաստ էր, պետք է տեղափոխվեինք արդեն մեր բնակարան, նույնիսկ քաղաքապետարանն արդեն հատկացրել էր համապատասխան փաստաթուղթը, համաձայն որի դա իմ բնակարանն էր,- վրդովված պատմում է տիկ․ Հոռոմսիման: - Մեկ տարի անհամբեր սպասում էի, թե երբ է ավարտվելու շինարարական աշխատանքները ու հանկարծ…..

Վրդովված Հոռոմսիման որոշում է բողոք ներկայացնել մարզպետարան, որտեղից էլ պատասխան է ստանում, որ այդ բնակարանն իրեն չի պատկանում:

          -Մարզպետարանում ինքնազգացողությունս վատացավ եւ շտապբուժօգնության մեքենայով ինձ հասցրեցին հիվանդանոց:

Հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո, կացարան չունենալու պատճառով տիկ․ Հոռոմսիմային եղբոր որդին տեղափոխում է իր բնակարան, եւ անձամբ նորից ներկայանում մարզպետարան՝ բնակարանի խնդիրը լուծելու համար: Եվ վերջապես բազում դռներ թակելով, բազում խոչընդոտներ հաղթահարելով 1994թ.-ին կարողանում է ձեռք բերել իրեն հատկացված բնակարանը, ու մինչ այժմ բնակվում է այնտեղ:

          -Պարտաճանաչ վճարել եմ կոմունալ վճարները, բայց թե ինչպես եմ ապրել ու գոյատեւել ոչ ոք չգիտի․․.- պատմում է տիկ․ Հոռոմսիման,- ապրել եմ կյանքի գնով:

Ապրում է աղջկա հետ, աղջիկը երրորդ կարգի հաշմանդամ է՝ վիրահատված:

story22

          -Ստանում եմ կենսաթոշակ, սակայն դեղերի, սննդի եւ կոմունալ ծախսերի համար, հազիվ է բավականացնում։

Իսկ «Հայկական Կարիտաս»-ի մասին տիկ․ Հոռոմսիման իմացել է հարեւանից, դիմել է, գրանցվել եւ սկսել է հաճախել Գյումրու Տարեցների Ցերեկային Խնամքի Կենտրոնը:

          -Շատ շնորհակալ եմ «Հայկական Կարիտաս»-ին մեզ օգնելու եւ աջակցելու համար: Արդեն չորրորդ տարին եմ այստեղ եւ շատ գոհ եմ:

Պատրաստեց՝  Ստելլա Անտոնյանը