Նպատակ՝ բարելավված սոցիալ-տնտեսական պայմաններով և իրացված համայնքային ներուժով կայուն համայնքներ:
ՀԿ-ն համայնքային զարգացման ծրագիրն սկսել է դեռևս 1998 թվականից, երբ կազմակերպությունը գիտակցեց կայուն ներդրումների անհրաժեշտությունը ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման գործում, այլև մարդկանց մտածելակերպի փոփոխության մեջ: Խորհրդային տարիներից ի վեր մարդիկ իրենց մտածելակերպով ստիպված էին անցում կատարել՝ պահանջատեր սպառողից վերափոխվելով նախաձեռնողի, նաև սեփական կյանքի ու համայնքի փոփոխության հարցերում ակտիվ դերակատարում ունեցող անձի:
Համայնքի ձևավորման առաջին քայլերից անցել է գրեթե 20 տարի: ՀԿ-ն իր մեթոդաբանությունը և կիրառող գործիքները հարմարեցրել է ժամանակի պահանջներին ու իր կարողությունների աճին:
Ներկայումս համայնքի զարգացումը շարունակում է մնալ կազմակերպության հիմնական ներգրավման ոլորտներից մեկը: Այս ոլորտում հետագա բարելավումները նախատեսված են ձեռնարկատիրական գործունեության խթանման համալիր մոտեցման, նաև տեղական մակարդակում մասնավոր սեփականատերերի ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, քաղաքացիական հասարակության մեջ ակտիվ մասնակցության, համայնքային կառավարման մեխանիզմների կատարելագործման և հիմնական համայնքային ծառայություններ մատուցելու համար տեղական համայնքների ներգրավվածության բարձրացման միջոցներով:
Կարևոր ոլորտներից մեկը, որին ուղղված են համայնքային զարգացման ծրագրերը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության աճն է, նաև նրանց խնդիրների բարձրաձայնումն է առավել արդյունավետ կառավարման համար: Քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների ստեղծումը քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու և կենսունակ երիտասարդությանը համախմբելու նախադրյալներից մեկն է: Մենք կշարունակենք աջակցել ՔՀԿ-ներին` նրանց ֆինանսավորման հնարավորություններն ընդլայնելու, տեղական և այլ համայնքների համար հարթակներ ստեղծելու և հանրային ծառայություններն ու կառավարման վերահսկման մեխանիզմները ներդնելու՝ հօգուտ իրենց համայնքների:
Արդյունք 5.1. Տեղական համայնքներում զարգացել են ձեռնարկատիրական գործունեությունն ու ձեռներեցության ոլորտի հմտությունները:
Բոլոր համայնքներում, որտեղ ՀԿ-ն կատարել է միջամտություններ, կան ձեռնարկատիրության զարգացման տարբեր հնարավորություններ: Համայնքի կայունությունը մեծապես պայմանավորված է ձեռնարկատիրության զարգացման մակարդակով: Հիմնվելով գնահատման տարատեսակ համակարգերի վրա՝ ակնհայտ է դառնում համայնքներում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը: Համայնքային զարգացման ռազմավարությունը նպատակ ունի բացահայտելու համայնքի ձեռնարկատիրական ներուժը և համայնքներում ներդնելու նոր մոտեցումներ: Մենք հատուկ ուշադրություն ենք արժանացնելու համայնքներում փոքր և միջին ձեռնարկատիրությանը:
Գյուղատնտեսությունը կարևոր դեր է խաղում ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության, գյուղական եկամուտների կենսապահովման, ինչպես նաև սննդամթերքի մատակարարման անվտանգություն հարցում: Այն ունի հզոր ներուժ՝ սննդամթերքի ու ըմպելիքների արտահանման ընդլայնման համար: Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների և ագրովերամշակման համակարգի ինտեգրումը միջազգային սննդի շուկաներին մեր գերագույն նպատակն է: Հետևաբար հարկավոր է ապահովել հետագա ներդրումների հոսքը, որ կարողանանք բարձրացնել արտադրողականությունն ու մրցունակությունը, հասնել գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը՝ ընդլայնելով բազմաշերտ տնտեսական գործունեություն գյուղական համայնքներում:
Արդյունք 5.2. Համայնքի ղեկավարման մեխանիզմները բարելավվել են քաղաքացիական հասարակության սկզբունքների խթանման շնորհիվ:
Հաշվի առնելով ՀՀ-ի ամենամեծ տեղական ՀԿ-ներից մեկի՝ «Հայկական Կարիտաս»-ի կարևորությունը՝ համայնքային կառավարման մեխանիզմների զարգացման համար ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը չափազանց մեծ նշանակություն ունի աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման գործում: Մենք կնպաստենք համայնքի կառավարմանն ակտիվ մասնակցող ՔՀԿ-ների աշխատակազմերի անդամների անհատական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կհաստատենք ու կամրապնդենք Կառավարության և ՔՀԿ-ների փոխհամագործակցությունը: Կշարունակենք իրականացնել համայնքային զարգացմանն ուղղված տարբեր ձևաչափերի գործողություններ և ձեռնարկել համապատասխան միջոցներ ՔՀԿ-ների կարողությունների ավելացմամբ համայնքներում առանցքային դերակատարման մոդել ստեղծելու համար:
Արդյունք 5.3. Զարգացել են տեղական համայնքների կարողությունները հիմնական հանրային ծառայությունների մատուցման գործում:
Տղամարդկանց բավական երկարատև միգրացիայի պատճառով շատ ընտանիքներ մեկուսացած են, իսկ գյուղերի բնակչության մեծ մասը կազմում են կանայք, երեխաները, դեռահասներն ու տարեցները: Արական սեռին պատկանող միգրանտների անբարեխիղճ սեռական վարքագիծը հանգեցնում է ՄԻԱՎ-ի (սեռական ճանապարհով փոխանցվող վարակ) տարածմանը և հայրենիք վերադառնալիս վարակի փոխանցմանն իրենց զուգընկերներին ու ընտանիքի անդամներին: Հայաստանը հատկապես խոցելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության հարցում, քանի որ երկիրը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ գտնվում է սերտ համագործակցության մեջ: Երկու երկրներն էլ մեծապես տուժում են ՁԻԱՀ-ի համաճարակի պատճառով և Հայաստանից ամենաշատն են ընդունում սեզոնային միգրանտներ: Գրանցված ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը վարակվել է արտերկրում (2014-ին` 57%):
Գործոններից մեկը, որ կարող է նպաստել միգրանտների վարակվելու վտանգի աստիճանի բարձրացմանը, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման մեթոդների ու միջոցների մասին անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունն է: Ընդհանուր առմամբ գիտելիքների բացակայությունը հանգեցնում է ռիսկի ընկալման ցածր մակարդակի, որն իր հերթին տանում է միգրանտների ռիսկային վարքագծի դրսևորմանը նշված երկրներում (անկանոն սեռական կյանք, մարմնավաճառների ծառայություններից օգտվել, ոչ ապահով վարքագծի դրսևորումներ):
Հետագայում՝ Հայաստան վերադառնալուց հետո, ռիսկի մասին քիչ պատկերացում ունեցող միգրանտներն անմիջապես չեն գնում ՄԻԱՎ վարակի ստուգման: Ըստ Առողջապահության նախարարության «ՄԻԱՎ-ի համաճարակային դիտարկումը» զեկույցի՝ վերջին 5 տարիների ընթացքում շարունակաբար աճել է ՄԻԱՎ-ի թեստ անցնողների թիվը: Այնուամենայնիվ, ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թիվը նույնպես ավելացել է:
ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ պրակտիկան (65%) և ներարկային դեղերի օգտագործումը (26%): ՄԻԱՎ-ի մասին տեղեկացվածության մակարդակը երիտասարդների շրջանում շարունակում է մնալ ցածր, իսկ ներկայիս կրթական համակարգը պատշաճ չի անդրադառնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրական վտանգներին:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ առկա է խտրական վերաբերմունքի բարձր մակարդակ, որը հանգեցնում է նրանց՝ սոցիալական միջավայրից մեկուսացմանը՝ խոչընդոտելով վերջիններիս լիարժեք ինտեգրումը հասարակություն և ստեղծելով լուրջ մարտահրավեր նրանց բարօրության ու խնամքի համար: